02/06/2026
🥛🤍Հունիսի 1-ին Երեմյան կաթնամթերքի գործարանում ավանդույթի համաձայն նշեցինք Կաթի համաշխարհային օրը։
Տարիներ առաջ Երեմյան ընկերությունների խումբը տոնը բերեց Հայաստան՝ այն դարձնելով Երևանի և կաթի սիրահարների տոնացույցի անբաժան մասը։ Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ առողջ հասարակության հիմքում առողջ սնունդն ու սովորություններն են, որոնցից մեկն էլ կաթի օգտագործման մշակույթն է։
Միջոցառմանը մասնակցեցին միջազգային, դիվանագիտական և պետական կառույցների ներկայացուցիչներ, համալսարանականներ, «Կաթ դպրոցներին» և «Այց Երեմյան գործարան» ծրագրերի մասնակիցներ։
🤝Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն և հիմնադիր Դավիթ Երեմյանը, ողջունելով և շնորհավորելով ներկաներին Կաթի համաշխարհային օրվա առիթով, ընդգծեց, որ այսօր առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնել ֆերմերներին, ովքեր շուրջօրյա աշխատանք են կատարում՝ ապահովելով այն արդյունքը, որն այսօր կա։ «Մոտ մեկ ամիս առաջ մեր գործարանը հերթական անգամ վերահաստատեց միջազգային չափանիշներին համապատասխան աշխատելու իր ցուցանիշները՝ կրկին հաջողությամբ անցնելով FSSC 22000 ստանդարտի աուդիտը։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Կաթի համաշխարհային օրվա առիթով և մաղթում բարի տոն»,- նշեց Դավիթ Երեմյանը։
✅Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, դոկտոր Սիդարթա Սանքար Դատտան ընդգծեց, որ այս օրը նաև հնարավորություն է գիտակցելու կաթի և կաթնամթերքի կարևոր դերը սնուցման, սննդային համակարգերի, գյուղատնտեսության և տեղական կենսապահովման ոլորտներում։ «Կաթը մեր սննդակարգի կարևոր բաղադրիչներից է։ Այն ապահովում է բարձրորակ սպիտակուց և կալցիում, որոնք անհրաժեշտ են ոսկորների աճի և առողջության համար։ Սակայն չափազանց կարևոր է, որ կաթի և կաթնամթերքի մասին խոսելիս անդրադառնանք նաև անվտանգության հարցին։ Մենք խոսում ենք անվտանգ արտադրանքի մասին, ինչը կենսական նշանակություն ունի բոլորիս համար։Այսօր մենք բոլորս, ովքեր մասնակցում ենք Կաթի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, կրում ենք ընդհանուր պատասխանատվություն։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Երեմյանի նման գործարարներին, պետական կառույցներին, մասնավորապես Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարություններին, ինչպես նաև այստեղ ներկա միջազգային կազմակերպություններին։ ԱՀԿ-ն Հայաստանում պատրաստ է շարունակել համագործակցությունը՝ ապահովելու մեր երեխաների առողջ սնուցումն ու սննդի անվտանգությունը»,- նշեց Սիդարթա Սանքար Դատտան։
📌Բացման խոսքերով հանդես եկան նաև ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչները։
Միջոցառման ընթացքում կայացավ նաև «Առողջ, բնական, անվտանգ․ հանրային առողջությունն ու սպառողական վարքը» խորագրով քննարկումը։
Ներկաները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու գործարանի աշխատանքին։